Փակվեց Ջոն Լենոնի միակ պաշտոնական թանգարանը աշխարհում
Երեկ Ճապոնիայի Սայթամա շրջանում փակվել է բրիտանացի լեգենդար երաժիշտ, The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի միակ պաշտոնական թանգարանն աշխարհում։ Այս մասին հայտնում է Утро.Ру–ն։
Հիշեցնենք, որ թանգարանը բացվել էր 2000թ. հոկտեմբերի 9–ին Լենոնի 60–ամյակի առթիվ։
Երաժշտի այրին՝ Յոկո Օնոն, 10–ամյա պայմանագիր էր կնքել՝ թանգարանին հանձնելով Լենոնին պատկանած շուրջ 130 իր՝ ներառյալ նրա սիրելի կիթառը, հայտնի շրջանաձև ապակիներով ակնոցը, երգի բառեր և այլն։
Երեկ լրացավ պայմանագրի ժամկետը, բոլոր իրերը կվերադարձվեն Օնոյին։
Նշենք, որ բացման տարում թանգարանն ունեցել է 124 000 այցելու, վերջին տարիներին, սակայն, այցելուների թիվը նվազել էր՝ հասնելով տարեկան 30 000–ի։
Իսկ երեկ՝ վերջին օրը, հերթ էր գոյացել թանգարանի մուտքի մոտ, շուրջ 100 երկրպագու էր եկել հրաժեշտ տալու լեգենդար երաժշտի իրերին։










