Վաղը տեղի կունենա «Մարաղա, 10 ապրիլի, 1992» ֆիլմի պրեմիերան

17:30 • 01.10.10

Այսօր տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» շարքի թվով երրորդ` «Մարաղա, 10 ապրիլի, 1992» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։

Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն ասաց, որ իրենք շարունակում են հայթայթել նոր փաստեր, որոնք վերաբերում են հայերի ջարդերին Բաքվում և Սումգայիթում: Ըստ նրա՝ Մարաղայում տեղի ունեցածը իր բացառիկ դաժանությամբ դուրս է տրամաբանությունից։

Ըստ նրա՝ «Մարաղան» առաջին ֆիլմն է, որը պատմում է Ղարաբաղյան պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգության մասին: «Չնայած մեծ ջանքերին, որ գործադրել է ողբերգությունից հետո Մարաղա այցելած բարունուհի Քերոլայն Քոքսը, այս դեպքերը չեն արժանացել միջազգային հանրության ուշադրությանը»: Մարինա Գրիգորյանը նաև հայտնեց, որ Մարաղայի դեպքերի առնչությամբ Լարիսա Ալավերդյանի գլխավորած «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը 90-ականների կեսերին դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով` ներկայացնելով փաստեր, սակայն գործընթացն ավարտին չի հասել:

Նախագծի ղեկավարը նշեց, որ ֆիլմում տեղ են գտել վավերագրական բացառիկ կադրեր, որոնք արվել են ողբերգության հաջորդ օրը, ավելի մեծ տեղ է հատկացվել ականատեսներին, որոնք այժմ բնակվում են Արցախի Նոր Մարաղա գյուղում:

«Մարաղա, 10 ապրիլի, 1992թ.» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը 22:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում: