Մեկ հայը Վանում խնդիր է, մեկ միլիոնը Ստամբուլում՝ ոչ. հուշարձանագետ
Թուրքերը ոչնչացնում են հայկական մշակութային կոթողները բացառապես հայի բնօրրանում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
«Մենք վտանգավոր ենք մեր տան մեջ. մեկ հայը Վանում խնդիր է, իսկ 60 հազար հայը, անգամ մեկ միլիոնը Ստամբուլում՝ ոչ», – ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ 1912թ. Թուրքիայում եղել է շուրջ 2000 գործող հայկական եկեղեցի, իսկ այսօր դրանց անգամ 10–րդ մասը չի մնացել։
«Մեծ մասամբ միայն հետքերն են մնացել, կանգուն եկեղեցիները կարող ենք մատների վրա հաշվել», – ասաց նա՝ նշելով, որ 10–15 տարի հետո այդ ուղղությամբ ուսումնասիրությունների համար ոչինչ չենք ունենա։
Կարապետյանը հորդորեց արձանագրել գոնե այդ «փշրանքները»։ «Մենք պետք է արձանագրենք, լուսանկարենք այդ փշրանքները, պահպանենք գոնե թղթի վրա, այլ բան չենք կարող անել», – հավելեց Կարապետյանը։
Խոսելով լուծումների մասին հուշարձանագետը նշեց, որ հայկական կողմը պետական մակարդակով միջազգային ատյաններում Թուրքիայի դեմ դատական գործեր հարուցելով՝ պետք է լուծի հուշարձանների ոչնչացման հարցը։
Կարապետյանն անդրադարձավ նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունած հատուկ բանաձևին, որով դատապարտվում էր Կիպրոսի հյուսիսային հատվածում քրիստոնեական սրբավայրերին և պատմամշակութային արժեքների ոչնչացումը։
Հուշարձանագետը հիշեցրեց, որ հույները թուրքական կառավարության դեմ 1600 հայց են ներկայացրել միջազգային դատական ատյաններ` հունական քրիստոնեական կոթողները ոչնչացնելու մեղադրանքով: Ըստ Կարապետյանի, անցած տարի Թուրքիան արդեն վճարել է 1 մլն եվրո։










