Ես Մառլոն Բրանդոյից լավ եմ խաղացել. Արմեն Ջիգարխանյան
Հոկտեմբերի 3-ին լրանում է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը։ Հոբելյանի նախօրեն վարպետի հետ զրուցել է Комсомольская правда թերթի թղթակից Վալենտինա Լվովան։ Զրույցը, որը պայմանականորեն բաժանված է «դադարների», կյանքի և լեգենդար դերասանի ղեկավարած թատրոնի մասին է։ Դրա վերջին հատվածը ստորև ներկայացնում ենք թարգմանաբար։
Դադար համար հինգ. Ինչու մեռավ Ջուլիետը
- Կյանքում ես շատ ցինիկ մարդ եմ, խոստովանում եմ։ Չնայած դա ձեռնտու չէ։ Խելացի մարդիկ ասում են՝ մի խոստովանիր դա, քանի որ դա քո ուժն է։ Բայց ես չեմ վախենում ասել, որ այդպիսին եմ։ Ես չեմ վախենում ճշմարտությունն ասելուց։ Ահա իմ ամենասիրելի ներկայացումներից մեկը, որը խաղացել եմ երկար տարիներ. դա «Տրամվայ «Ցանկությունն»» է։ Այնտեղ ամենաբարդ բաներից մեկը որձն ու էգն է։ Կան բաներ, որոնք անվերջ նույն տեղն են ընկնում՝ մարմնի ներքևի մասը։ Իսկ այդ ժամանակ արդեն չի կարելի ջուր ծեծել։
Այժմ մենք «Ռոմեո և Ջուլիետի» փորձերն ենք անում։ Ես երբեմն զգացողություն ունեմ, թե այդ պիեսի մասին գաղափար չունեմ։ Այս ի՞նչ է նա գրել, սրիկան։ Այս ինչ է նա գրել... Մինչև օրս չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է նա [Ջուլիետը] այդքան արագ մեռնում։ Չէ, դու ինձ կասես, որ այնտեղ էդ բանն էր... ինչ էր անունը...
- Դուք կարծում եք՝ ես ավելի ցինիկ եմ, քան դո՞ւք։
- Չէ, բայց ինչու Շեքսպիրն այդպես սպանեց նրանց։ Թողներ՝ գոնե մի երկու ամիս ապրեին նոր բնակարանում։
- Որպեսզի նրա՞նք իրար սպանեին։
- Ի՞նչ է ստացվում։ Մենք խոսում ենք սիրո հիմնի մասին։ Իսկ Շեքսպի՞րը ինչ արեց։ Ինչու է նա այնտեղ մահանում, մյուսը՝ այստեղ։ Հետո սա ուշացնում է նրանց տեղեկացնել, իսկ այդ ժամանակ նաև քաղաքում ժանտախտ է։ Ինչո՞ւ նա այդպես արեց։
- Եվ ամեն ինչ անժամանակ։
- Ամեն ինչ անժամանակ։ Ինչու են այդպես ծաղրելով անում, չեմ հասկանում։ Բայց պետք է հասկանանք՝ ինչ է Շեքսպիր Իվանովիչը ակնարկում։ Չգիտես, չգիտե՛ս։
Նորից կարդա, և կտեսնես, թե ինչ է նա գուշակել մեր՝ աննշան մարդկանց մասին։ Այո, արևս, դա այդպես է, դա իրոք այդպես է։
- Պիեսը իրավիճակ է, երբ մտնում ես մի կյանք, որը քեզանից առաջ մտել են արդեն այլ դերասաններ և ուրիշներն էլ կմտնեն քեզանից հետո։ Նույնը կինոյում է. կան բազմաթիվ դասական ֆիլմեր։ Եթե վերցնենք արևմտյան կինոն, դուք կպատկերացնե՞ք Ձեզ օտար դերում։
- Ոչ։
- Գաբե՞ն, Լինո Վենտուրա՞։
- Ոչ։ Ես պետք է մերկանամ դերի համար։ Կոպիտ ասած՝ հանեմ կոշիկներս, տաբատս և մտնեմ դերի մեջ։ Այ եթե զգամ եռացող կամ տաք թեյ, այդ դեպքում ինչ-որ բան կարող է մեզ մոտ պատահել։ Իսկ եթե ոչ՝ ոչ։
- ««Տրամվայ» ցանկությունում» Մառլոն Բրանդոյի դերի հետ կապված երևի ձեզ հարցրել են...
- Չէ, չէ, Բրանդոն ինձ այնտեղ դուր չի գալիս, ես ավելի լավ եմ խաղացել։ Ես ավելի լավն եմ։ Բրանդոն մաչո է խաղում։ Իսկ ես սովետական մարդ եմ խաղացել։ Եվ ես մի անգամ երեկոյան զուգարան էի գնում և անցա հայելու մոտով ու ինձ տեսա, կներես, մերկ ազդրերով։ Մտածեցի՝ ահա հենց սա է Սթենլի Կովալսկին։
Զրույցի ժամանակ լրագրողը նաև նշում է, որ վերջերս հարցազրույց է անցկացրել Ջիվան Գասպարյանի հետ, որը շատ ջերմ է արտահայտվել Ջիգարխանյանի մասին։
«Ես նրան շատ եմ սիրում, շատ։ Եթե երբևէ հանդիպես Ջիվանին, խնդրի, որ նա երգի «Մայրիկ»։ Այդպես չեն երգում... Դա Աստծուց եկող ինչ-որ բան է։ Ես այնքան էլ հավատացյալ չեմ, բայց այնտեղից ինչ-որ ինֆորմացիա է գալիս։ Դա նույնիսկ երգել չէ, դա ինչ-որ հառաչ է»,- ասել է լեգենդար դերասանը։
Անձնական գործ
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին Երևանում։ Թատրոնով ու կինոյով հետաքրքրվել է դեռ մանկության տարիներին։ Դպրոցն ավարտելուց հետո 1952թ. մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու ГИТИС (թատրոնի պետական ինստիտուտ), բայց չի կարողացել։ Հետո աշխատել է «Հայֆիլմ» ստուդիայում որպես օպերատորի օգնական։
Կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Վարպետը 60-ականներին խաղացել է Մոսկվայի «Լոնկոմում» Էֆրոսի մոտ, իսկ հետո դարձել է Մայակովսկիի անվան մոսկովյան թատրոնի դերասան։ Այնտեղ էլ խաղացել է Սթենլի Կովալսկիի դերը Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսում, որն ավելի վաղ խաղացել է Մառլոն Բրանդոն։
1996թ. հիմնադրվել է Արմեն Ջիգարխանյանի Д թատրոնը։
Ջիգարխանյանն ամուսնացած է, ունի հոգեզավակ։ Դուստրը մահացել է 23 տարի առաջ։ Նա տուն ունի Տեխասում՝ Դալլասի մոտ։ Ջիգարխանյանի կինը ռուսերեն է դասավանդել ԱՄՆ-ում։ Տարվա մի մասը Ջիգարխանյանն անցկացնում է Ամերիկայում։ Նա հաճախ այցելում է Հայաստան։










