Լուվրը հաղթեց Կրեմլին. սկանդալային հայ նկարչի աշխատանքները կցուցադրվեն թանգարանում
Ռուսական իշխանությունները թույլ են տվել հայազգի սկանդալային նկարիչ Ավդեյ Տեր–Օհանյանի «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքի նկարների ցուցադրությունը Լուվրում։ Այս մասին հայտնել է Agence France-Presse՝վկայակոչելով թանգարանի մամուլի ծառայությունը։
Տեղեկանալով, որ ռուսական իշխանությունները որոշել են արգելել Տեր–Օհանյանի նկարների ցուցադրությունը, Լուվրի ղեկավարությունը բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ։
Ըստ Լուվրի ներկայացուցիչների, չնայած բանակցությունները դեռ շարունակվում են, այդուհանդերձ, արդեն կարելի է ասել, որ ցուցահանդեսում ներկայացվելու են հայտ ներկայացրած բոլոր նկարիչների աշխատանքները։
Հիշեցնենք, որ ռուսական իշխանությունները արգելել էին ցուցադրել Տեր–Օհանյանի «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքի նկարների հոկտեմբերի 14–ից հունվարի 15–ը Ֆրանսիայում Ռուսաստանի օրերի շրջանակում Լուվրում բացվելիք ցուցահանդեսում։
«Դրանք ՌԴ սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու կոչ են պարունակում, ինչպես նաև հրահրում են միջկրոնական ատելություն և թշնամանք»,– բացատրել էին Ռուսաստանում։
ՌԴ մշակույթի նախարարության և ՌԴ Մշակութային պահպանության դաշնային ծառայության ընդունած այդ որոշումից հետո յոթ ռուս նկարիչներ հրաժարվել էին մասնակցել ցուցահանդեսին՝ արտահայտելով իրենց բողոքն այդ առնչությամբ։
Հիշեցնեք նաև, որ Օհանյանը սկանդալային նկարչի ճանաչում է ձեռք բերել 1998թ. «Երիտասարդ անաստված» ակցիայի շնորհիվ, որի ժամանակ նա կացնով ջարդել է սրբապատկերների ստվարաթղթե կրկնօրինակները՝ ի նշան հոգևորականության կոմերցիալիզացիայի դեմ բողոքի։
Նրա դեմ նույնիսկ քրեական գործ էր հարուցվել՝ կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով, որից հետո նա Լեհաստան էր արտագաղթել։ 2007թ. Ֆրանսիայում «Սոց արտ» ցուցահանդեսի ժամանակ ՌԴ մշակույթի նախարարությունը նույնպես արգելել էր Տեր–Օհանյանի 17 աշխատանքների ցուցադրությունը, այդ թվում՝ «Բարեգթության դարաշրջանը», «Կապույտ քթեր» խմբերը, Վլադ Մամիշև Մոնրոյի նկարը՝ Հիտլերի պատկերով:














