Թուրքիայում Արամ Տիգրանի անունով քաղաքային կոնսերվատորիա կգործի
Դիարբեքիրում հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունով կգործի քաղաքային կոնսերվատորիա:
ANF գործակալության փոխանցմամբ` Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչությանը կից կգործի Արամ Տիգրանի անվան քաղաքային կոնսերվատորիան:
Կոնսերվատորիայում, որն իր աշխատանքներն սկսելու է այս տարվա նոյեմբերի 1-ից, դասավանդվելու են երաժշտություն, կինոարվեստ, թատերական գործ, ժողովրդական պարեր, արվեստի պատմություն, ինչպես նաև քրդերեն:
Հիշեցնենք, որ 2009թ. Աթենքում իր մահկանացուն էր կնքել Թուրքիայի արվեստասեր հասարակությանը հայտնի երգիչ, ազգությամբ հայ երգահան Արամ Տիգրանը: Նա համարվում էր քրդական ժողովրդական երգերի ամենահայտնի կատարողներից մեկը և մեծ հեղինակություն էր վայելում նախկին Տիգրանակերտում, ներկայիս Դիարբեքիրում:
Արամ Տիգրանի հարազատները թուրքական իշխանություններից թույլտվություն էին խնդրել նրան Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում հուղարկավորելու համար: Սակայն պաշտոնական Անկարան մերժել էր այդ խնդրանքը, և Արամ Տիգրանին հողին էին հանձնելԲրյուսելում:










