Երևանում կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

10:03 • 04.10.10

Հոկտեմբերի 12-16-ը Երևանում կկայանա Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Այդ օրերին Հայաստան կժամանեն կինեմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի, մշակույթի տարբեր ոլորտների անվանի գործիչներ:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսի և ժյուրիի դատին կներկայացվի 81 ֆիլմ 27 երկրից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ մինչ այդ` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա երեխաներին և պատանիներին նվիրված տոնակատարություն:
Այս տարի, ի թիվս այլ անվանակարգերի, առաջին անգամ կսահմանվի նաև «Ես իրավունք ունեմ» անվանակարգը: Նախատեսված է նաև «Դու մենակ չես, միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ուղղվածության ակցիա, որի շրջանակում բժշկական անվճար հետազոտություն կանցնեն մի շարք մանուկներ և պատանիներ:
Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչն է Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը: