Մանկատան երեխաներին նվիրված ֆիլմ, որում ողբ չկա
«Մեր տունը» բարեգործական կազմակերպությունում բնակվող և մանկատան շրջանավարտ հանդիսացող աղջիկների մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ՝ «Մեր տունը» անվամբ։ Ֆիլմում մի խումբ հայտնի երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչում է նաև համանուն երգ, որի հեղինակը Մարտին Ահարոնյանն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանը, երգահան Մարտին Ահարոնյանը և երգչուհի Ալլա Լևոնյանը կարևորեցին նման գաղափարի շուրջ միավորվելը՝ նշելով, որ իրենք միշտ մանկատան երեխաների կողքին կլինեն։
«Հրանտ Թոխատյանը ֆիլմը դիտելուց հետո ասաց՝ սա այն ֆիլմն է, որը մարդուն ստիպում է տուն գնալուց հետո մտածել, թե ինչ կարելի է անել։ Ֆիլմի պրեմիերայից հետո մոտ 60 մարդ է գնացել «Մեր տուն» և փորձել օգնել այդ երեխաներին»,- նշեց Միրզախանյանը՝ դա համարելով ձեռքբերում։
Ֆիլմի և երգի հեղինակների խոսքով՝ ֆիլմի հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը ծնողազուրկ երեխաների հիմնախնդիրների վրա սևեռելն է, այս երեխաներին հասարակությանն ինտեգրելը։
«Ֆիլմը ողբ չի պարունակում։ Որպես կանոն նման ֆիլմեր նկարահանվում են հասարակության մեջ խղճահարություն արթնացնելու համար»,- նշեց ֆիլմի ռեժիսորը՝ հավելելով, որ ֆիլմը կոտրում է այն կարծրատիպը, թե նման երեխաներին պետք է խղճալ։
«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն էլ նշեց, որ իրենց պատրաստ են աջակցել բոլոր այն աղջիկներին, ովքեր դուրս գալով մանկատնից՝ հայտնվում են անորոշության մեջ, սակայն ուսման ձգտում ունեն։
«Արդեն ամուսնացրել ենք 6 աղջիկ, ունենք 5 թոռնիկ։ Այս երեխաներին նյութականից ավելի շատ անհրաժեշտ է բարոյական աջակցություն»,- ընդգծեց Կարապետյանը։
Ըստ նրա՝ հասարակությունն այսօր այնքան էլ բարեհաճ չէ մանկատանը մեծացած երեխաների նկատմամբ. «Մանկատան աղջիկն ավարտել է մանկավարժական համալսարանը, սակայն իմանալով, որ նա մանկատանն է մեծացել՝ անգամ մատուցողուհու գործ չեն տալիս»։
Նշենք, որ ֆիլմն առաջիկայում կցուցադրվի հեռուստատեսությամբ։










