Գյումրիում կբացվի Գերմանիային նվիրված ցուցահանդես

14:41 • 05.10.10

Հոկտեմբերի 6-ին Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կբացվի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առօրյային նվիրված ցուցահանդես։ Համբուրգցի լուսանկարիչ, ԳԴՀ «Stern» ամսագրի երկարամյա լրագրող Հարալդ Շմիտի լուսանկարները և Հալլեում (Զաալե) ծնված պատմաբան Շտեֆան Վոլլեի տեքստերը իրական տպավորություններ կփոխանցեն մի պետության կյանքից, որն ուղիղ 20 տարի առաջ մաս դարձավ վերամիավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ բացմանը կհաջորդի զրույց–քննարկում Գերմանիայի արևելյան և արևմտյան մասերից մասնակիցների հետ, որոնք ներկա գտնվող ուսանողների և դասախոսների հետ կքննարկեն հետևյալ հարցերը. ինչպիսի՞ն էր առօրյան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, ինչպիսի՞ իրավիճակ է պատի անկումից հետո։

Գյումրիում հոկտեմբերի 5-12-ն անցկացվող գերմանական շաբաթվա մաս կազմող օրը կամփոփի Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD/ԳԱՓԾ)՝ ներկայացնելով Գերմանիայում ուսանելու հնարավորությունները։