«Հայֆեստի» սրտում ընկած է համագործակցության գաղափարը

16:36 • 06.10.10

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում 4 օր շարունակ անցկացվում էր Միջազգային փառատոների և միջոցառումների ասոցիացիայի (IFEA) նիստը։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, այդ օրերի ընթացքում ասոցիացիայի ամենամյա «Բեմից այն կողմ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն անցկացրել են բազմաթիվ հանդիպումներ փառատոնի հյուրերի, մասնակիցների, նաև գործընկերների հետ։

«Հիմնական կապերը ստեղծվում են դահլիճից դուրս։ Կարծում եմ՝ մեր նիստերը հաջողությամբ ավարտվեցին, իսկ մեր կողմից ներկայացվելիք հաշվետվությունը, հուսով եմ, դրական արձագանք կստանա», – ասաց նա։
Ղուկասյանի խոսքով՝ այս ամենի նպատակն է հասնել նրան, որ Միջազգային փառատոների և միջոցառումների ասոցիացիայի գլխավոր կոնգրեսը անցկացվի Երևանում։

Իր հերթին, Լոնդոնից ժամանած պրոդյուսեր Ռոջեր Մակքենը նշեց, որ «Հայֆեստի» սրտում ընկած է համագործակցության գաղափարը։
«Ես արդեն 3–րդ անգամ եմ մասնակցում փառատոնին, երեք թատերական խումբ եմ բերել Երևան։ Սա շատ սիրալիր և ջերմ փառատոն է», – ասաց նա։

Մակքենն ասաց, որ իրեն դուր են եկել հատկապես երեկոյան հանդիպումները, որոնք շփվելու, տարբեր հարցեր քննարկելու և, իհարկե, նոր ծանոթությունների հնարավորություն են տալիս ։

«Մարդիկ բավարարված են գնում այս փառատոնից։ Ես ինքս արդեն սպասում եմ մյուս «Հայֆեստին»», – ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 1–ին և կտևի մինչև հոկտեմբերի 8–ը։