Հակառակ Սփյուռքի կոչերին` Արծրունին համերգ կտա Նյու Յորքում
Վաղը` հոկտեմբերի 7-ին, Նյու Յորքի հանրաճանաչ Carnegie Hall համերգասրահում հայ և թուրք երաժիշտների հետ միասին համերգով հանդես կգա հայազգի դաշնակահար Շահան Արծրունին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Պոլսահայ Արծրունին, ով հիմա ապրում է Միացյալ Նահանգներում, հանդես կգա թուրք ջութակահար Ջիհաթ Աշքընի և հայազգի բարիտոն Գևորգ Դավթյանի հետ միասին: Համերգի կազմակերպիչը Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանն է։
«Հայերն ու թուրքերը գոյակցել են մոտ հազար տարի: Իսկ դա նորմալ է, երբ երկու ժողովուրդների վրա ընդհանուր ազդեցություններ են նկատվում հատկապես երաժշտության բնագավառում»,- հայտարարել է Արծրունին` ավելացնելով, որ իր նպատակը հայ և թուրք երաժշտությունները համեմատելն ու դրանցում առկա նմանությոններն ու տարբերությունները վերհանելն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայ դատի Արևելյան Ամերիկայի կենտրոնական գրասենյակը և Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը համատեղ հայտարարություն էին տարածել, որում կոչ էին անում Ամերիկայում բնակվող բոլոր հայերին բոյկոտել հոկտեմբերի 7–ին Նյու Յյորքում կայանալիք հայազգի դաշնակահար Շահան Արծրունու մասնակցությամբ համերգը։
Իսկ California Courier–ի հրատարակիչ Հարութ Սասունյանն իր հերթին ասել էր. «Շահան Արծրունին չպետք է թույլ տա, որ իր երաժշտությունը Թուրքիայի կողմից օգտագործվի հակահայկական քարոզչության նպատակով»։
«Մենք բարձր ենք գնահատում Արծրունու տաղանդը և կոչ ենք անում նրան հեռու մնալ քաղաքական հարցերից», – հայտարարել էր ՀՅԴ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Արծրունին Սուրբ խաչ եկեղեցու պատարագի նախօրեին համերգ էր տվել Վանում։










