Հայ ռեժիսորները՝ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնի մրցանակակիր

12:27 • 06.10.10

Հայաստանի և Ռուսաստանի ռեժիսորները դարձել են Եկատերինբուրգ քաղաքում անցկացված «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի 21–րդ փառատոնի հաղթողներ։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ է ստացել ռեժիսորներ Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» կինոնկարը։

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Պավել Ֆատախուտդինովի «Անգարա» ֆիլմը։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։

Ժյուրիի մրցանակներին են արժանացել նաև ռուսական «Խաղաղ օվկիանոս» ֆիլմը՝ «լավագույն դեբյուտ» անվանակարգում և «Աստվածների մթնշաղը»՝ «օպերատորական վարպեություն» և «բարձր պրոֆեսիոնալիզմի համար հատուկ մրցանակ» անվանակարգերում։

Փառատոնի մրցութային ծրագրում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է եղել 28 կինոնկար՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Էստոնիայից։

1988–ից սկսած՝ «Ռուսաստան» փառատոնն ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում։ Ամեն անգամ նախընտրական հանձնաժողովին է ներկայացվում ավելի քան 300 կինոնկար։

Նշենք, որ փառատոնը տեղի է ունեցել հոկտեմբերի 1–5–ը։