«էրեբունի-Երևանի» օրը մայրաքաղաքի փոքր կենտրոնում երթևեկություն չի լինի

18:07 • 07.10.10

Հոկտեմբերի 10-ին «էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով և անվտանգության նկատառումներից ելնելով` փակվելու են մի շարք կենտրոնական փողոցներ և հրապարակներ: Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը տեղեկացրել է, որ առավոտյան ժամը 8։30-ից փոքր կենտրոնում երթևեկությունը դադարեցվելու է: Ամբողջությամբ փակ կլինի Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտան և Արգիշտիի փողոցը կփակվեն` սկսած Հաղթանակի կամրջից, Բաղրամյան պողոտան` Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Ֆրանսիայի հրապարակ: Թումանյան, Սայաթ-Նովա, Տիգրան Մեծ փողոցները` Խանջյան փողոցի հետ հատման մասերից դեպի փոքր կենտրոն, Աբովյան փողոցը` Մոսկովյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տերյան փողոցը` Կորյունի փողոցի խաչմերուկից դեպի փոքր կենտրոն, Նալբանդյան փողոցը` Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչև ժամը 14։00-ն փակ կլինի Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը, ժամը 12-14-ը մասամբ փակ կլինեն Էրեբունու, Արցախի և Տիգրան Մեծի փողոցները` քանի որ այս ուղղությամբ նախատեսված է Արգիշտի արքայի շքախմբի երթը: Այդ ընթացքում, ինչպես տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, համաքաղաքային երթուղիները գործելու են շրջանցող փողոցներով:

«Անցած տարվա համեմատությամբ երթևեկության դադարեցումներն այս տարի նվազագույնի են հասցվել: Գրիգոր Լուսավորչի փողոցը չի փակվելու` Պռոշյան-Պարոնյան փողոցներից դեպի Արշակունյաց պողոտա ուղղությունն աշխատելու է, սակայն «Մետրոպոլ» հյուրանոցի կողմից մուտքը դեպի Լուսավորչի փողոց փակ է լինելու, այն կբացվի ժամը 16-00-ից հետո, երբ Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Հանրապետության հրապարակ շքերթն ավարտված կլինի»,- տեղեկացրել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Օպերատիվ ծառայությունների, տոնակատարության սպասարկող անձնակազմի, ինչպես նաև լրատվամիջոցների համար մուտքը վերոնշյալ փողոցներում կթույլատրվի հատուկ անցագրերով: Ի գիտություն փոքր կենտրոնում գործող մասնավոր ընկերությունների` Արսեն Արշակյանը նշել է, որ փակ փողոցներով թույլատրվելու է միայն հաց առաքող մեքենաների մուտքը:

Ժամը 22-ից հետո ամբողջությամբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը փոքր կենտրոնում` բացառությամբ Հանրապետության հրապարակի:

Երևանի քաղաքապետի որոշման համաձայն, հոկտեմբերի 10-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված ռեժիմով` մինչև ժամը 24։00-ն: Ողջ օրվա ընթացքում գործելու են նաև լրացուցիչ համաքաղաքային երթուղիներ` մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններից դեպի ծայրամասային թաղամասեր: