«Գոհար» երգչախմբի լիբանանյան համերգների հասույթը կտրամադրվի Լիբանանի հայկական դպրոցներին

14:58 • 07.10.10

«Գոհար» Սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը ութ տարվա ընդմիջումից հետո համերգով հանդես է եկել Լիբանանում։ Տոմսերը ելույթից օրեր առաջ արդեն սպառված էին։

Լիբանանի, Զուք Միքայելի հռոմեական ամֆիթատրոնում «Գոհարի» կատարումներով հիացել են աշխարհի տարբեր անկյուններից հավաքված հանդիսատեսը։

Սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը խմբավարել է կիպրահայ մաեստրո Սեպուհ Աբգարյանը։

Ծրագրի առաջին մասն ընդգրկել է դասական, սիրային և ժողովրդական երգեր, ինչպես նաև հատուկ «Գոհարի» համար մշակված գործիքային հատվածներ՝ շեշտը դնելով հայկական ավանդական երաժշտական գործիքների վրա։

Ծրագրի երկրորդ մասը սկսվել է ջազով, որ ոգևորել է երիտասարդ ու տարեց ներկաներին յուրահատուկ կատարումով ու տարբեր գործիքների կիրառմամբ, ներառյալ զուռնան։

Այնուհետև հնչել են հայրենասիրական երգեր։ Ելույթներն ուղեկցվել են պարային կատարումներով։

Համերգի ավարտին տեղի է ունեցել հրավառություն։

«Գոհարի» երեք օր տևած համերգներից ստացված հասույթը պետք է տրամադրվի Լիբանանի կարիքավոր հայկական դպրոցներին։