Մատենադարանում կբացվի Ամստերդամում տպագրված հայ հնատիպ գրքերի ցուցահանդես

19:12 • 08.10.10

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն է շարունակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության կողմից Հայկական տպագրության հիմնադրաման 500-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովը՝ նվիրված Ամստերդամի «Սուրբ Էջմիածին» և «Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը(1660) և գործունեությանը:

Առաջին նիստը, որը նախագահել է Հ. Լևոն Պողոս Զեքիյանը և Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, սկվել է Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի զեկույցով` «Վանանդեցի հրատարակիչների նպաստը հայ տպագրությանը»: Այնուհետև լսվել են Ռենե Բեքյուի (Հոլանդիա) «Ամստերդամի օտարալեզու հրատարակությունները 1620-1720 թթ. հայկական և հրեական հրատարակությունների համեմատական», Մանյա (Էռնա) Շիրինյանի` «Յաղագս առաքինութեանց» երկի հայերեն թարգմանության առաջին` ամստերդամյան հրատարակությունը», Արմեն Տեր-Ստեփանյանի` «Առաքել Դավրիժեցու նորահայտ փիլիսոփայական երկը» և Գայանե Պողոսյանի` «Ամստերդամի հայկական տպարանի բնագիտական հրատարակությունները» թեմաներով զեկույցները:

Երկրորդ նիստը նախագահել են Տ. Ներսես ավագ քահանա Ներսիսյանը և Գրիգոր Բրուտյանը: Ներկայացվել են հետևյալ զեկույցները. Հ. Լևոն Զեքիյան` «Տպագրության արվեստը որպես գործոն և մղիչ Հայոց վաղաժամ հարաբերակցության ու կենսունակ շփման Արևմտյան Եվրոպայի արդիականացման շրջափուլին հետ», Արփենիկ Ղազարոսյան` «Հայ ձեռագրային ավանդների շարունակությունն ամստերդամյան հրատարակություններում», Ռուբեն Գալչյան` «Ամստերդամի «Աշխարհացոյց» քարտեզը», Նորայր Պողոսյան` «Հայերեն հնատիպ գրքի հիշատակարանների լեզուն», Տ. Տաթջ վարդապետ Հակոբյան` «Ամստերդամի Հայկական տպագրության դերը ժանամակի հոգևոր-մշակութային կյանքում»

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ին, գիտաժողովի շրջանակներում Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի Ամստերդամում տպագրված հայ հնատիպ գրքերի և այնտեղ գրված հայերեն ձեռագրերի ցուցահանդես` «Սուրբ Էջմիածնի լույսն Ամստերդամի հայոց տպարանից» խորագրով:

Նույն օրը գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ կկատարվի հոգեհանգստյան պաշտոն հայ տպագրիչների հոգիների հանգստության համար: Երեկոյան, Կամերային ազգային երաժշտության տանը, մասնակցությամբ Հայաստանի կամերային նվագախմբի, տեղի կունենա դասական երաժշտության համերգ: