Խաղաղության Նոբելյան մրցանակը գնաց չինական բանտ
Խաղաղության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, որն այժմ բանտում է։ Այս մասին քիչ առաջ հայտարարվեց Օսլոյում։
Հայտարարության մեջ նշվում է, որ մրցանակը նրան շնորհվել է «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։
Հիշեցնեք, որ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահը նախապես հայտարարել էր, որ իրենց որոշումն անակնկալ է լինելու, և որ իրենք ստիպված են լինելու արդարացնել ու պաշտպանել իրենց ընտրությունը։ «Դուք կհասկանաք, երբ լսեք անունը»,- ասել էր նա։
Անցած տարի Լյու Սյաոբոն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման այսպես կոչված 08 Խարտիան մշակելու համար, որը կոչ էր անում Չինաստանում բազմակուսակցական դեմոկրատիա սահմանել և հարգել մարդու իրավունքները։
Չինաստանի ԱԳՆ–ն անցած շաբաթ նախազգուշացրել էր Նոբելյան կոմիտեին, որ այդ մրցանակը չշնորհի Սյաոբոյին՝ նշելով, որ դա կհակասի Նոբելյան սկզբունքներին։










