Աշխարհը ահավոր անարդար է. Տիգրան Սարգսյան

15:02 • 08.10.10

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական Профиль ամսագրին տված հարցազրույցում խոսել է ռոքի և իր նախաձեռնած «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի մասին։

«Դուք ռոք երաժշտության հին երկրպագու եք։ Այժմ կա՞ ինչ-որ բան, որը ձեզ մոտ ցանկություն է առաջացնում լսել ռոք, որովհետև վարչապետին վայել չէ այլ կերպ արտահայտել ըմբոստության էմոցիաները» հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասել է.

«Եթե փիլիսոփայորեն մոտենանք հարցին, աշխարհն ահավոր անարդար է։ Ցանկացած մտածող մարդ միշտ իր մեջ կուտակում է ըմբոստության որոշակի լիցք։ Միշտ անհրաժեշտ է էմոցիաների պոռթկում, և այդ տեսակետից ռոքը իր փիլիսոփայությունն ունի։

Վերջերս մենք ստեղծեցինք ռոքերների հայկական ասոցիացիա և ծրագրում ենք մի շարք շատ հետաքրքիր միջոցառումներ անցկացնել։ Վերջին երկու տարում Հայաստանն ապրում է շատ հարուստ երաժշտական կյանքով, առաջին հերթին՝ ռոքի ոլորտում։ Մեզ մոտ են գալիս ականավոր երաժիշտներ և խմբեր՝ Deep Purple, Jethro Tull, Uriah Heep։ Մեր միջև շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են հաստատվել։ Նրանց դուր են եկել Հայաստանը, հայ հանրությունը, մեր ռոքերները, և մենք պայմանավորվել ենք, որ մեր համագործակցությունը երկարատև կլինի։

Մասնավորապես, կազմակերպվել է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը։ Դրա շրջանակում առաջին համերգը՝ Jethro Tull խմբի ելույթը, տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին։ Մենք կշարունակենք այս շրջանը և կավարտենք այն փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր ռոք խմբերի գալա համերգով։ Ուկրաինական ռոք խմբերից մենք դեռևս հայտ չենք ստացել։ Պետք է ուսումնասիրել՝ ո՞ր ռոք խմբերն են Ուկրաինայում հայտնի, և նրանց հետ կապ հաստատել»։