Մահից 30 տարի անց Լենոնը իրականացնում է իր երազանքը՝ մեկ օրով միավորելով ամբողջ աշխարհը
Այսօր Ջոն Լենոնը կդառնար 70 տարեկան: Լեգենդար երգչի երկրպագուները, որոնք այսօր էլ տասնյակ միլիոնների են հասնում, կնշեն իրենց կուռքի հոբելյանը ամբողջ աշխարհում։ Մի քանի քաղաքներում կկազմակերպվի Լենոնին նվիրված նոր LennoNYC վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը, որի դեբյուտը կայացել է երկու շաբաթ առաջ Նյու Յորքի կինոփառատոնում, պատմում է լեգենդար բիթլի կյանքի վերջին տասնամյակի մասին՝ սկսած 1971–ից, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ բնակություն հաստատեց Նյու Յորքում, մինչև 1980թ. դեկտեմբերը, երբ նա սպանվեց մոլագարի ձեռքով։
Լենոնի հարազատ Լիվերպուլ քաղաքում երգչի առաջին կինն ու որդին կբացեն նրա արվեստին նվիրված հուշարձան: Նույն ժամին Լենոնի երկրորդ կինը՝ Յոկո Օնոն, և նրանց որդին՝ Շոնը, Իսլանդիայում կվառեն Յոկո Օնոյի նախաձեռնությամբ 2007թ. կառուցված Լենոնի հուշարձանի լույսերը: Դա ցիլինդրի տեսքով հուշարձան է, որի պատերին տարբեր լեզուներով գրված է՝ «Պատկերացրու» (Imagine):
Այս երկու խորհրդանշական արարողություններով կմեկնարկի Լենոնին նվիրված փառատոնը, որը կտևի երկու ամիս: Այն կանցկացվի աշխարհի տարբեր քաղաքներում և կավարտվի դեկտեմբերի 8-ին: 30 տարի առաջ այդ օրը սպանվեց Ջոն Լենոնը:
Ռոք երաժշտության արքային առաջինը շնորհավորել է Google-ը: Երեկվանից մեդիագիգանտը հարգանքի տուրք է մատուցել երգի գիգանտին` իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրելով ինտերակտիվ լոգոտիպ` Լենոնի ամենահայտնի Imagine երգից հատվածներով:
Rolling Stone ամսագրի հարցին, թե ինչու է հենց Լենոնի 70–ամյակը էմոցիաների այսպիսի բուռն պոռթկում առաջացրել, Յոկո Օնոն պատասխանել է, որ թերևս դա կապված է ներկայիս սոցիալական կլիմայով, երբ Ջոնի էներգիան, ուժն ու համոզմունքը պահանջված են ավելի, քան երբևէ։










