Վաղը Վանաձորում համերգ կտան Գարրի Եպրիկյանը և Դմիտրի Բորոդաևը
«Վերադարձի» դասական երաժշտության 4–րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին, ժ.19.00-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը և հոկտեմբերի 13-ին Վանաձորի Երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի կունենա դաշնակահար, երգեհոնահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Գարրի Եպրիկյանի (Ռուսաստանի Դաշնություն) և կիթառահար, կոմպոզիտոր Դմիտրի Բորոդաևի (Ռուսաստանի Դաշնություն) համերգը:
Դաշնակահար, երգեհոնահար Գարրի Եպրիկյանը ծնվել է 1983-ին Թբիլիսիում: 7 տարեկան հասակից հաճախել է դաշնամուրի դասընթացների (պրոֆ.Կլյաշտորսկու դաս.), այնուհետև շարունակել է ուսումը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրային (Ի.Օռլովայի դաս.) և երգեհոնի (Ն.Գուրեևա-Վեդերնիկովայի դաս.) բաժիններում:
Երգեհոնային երաժշտության մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։
Կիթառահար, կոմպոզիտոր Դմիտրի Բորոդաևը ծնվել է 1985-ին Ուկրայինայում:
10 տարեկան հասակից հաճախել է կիթառի դասընթացների:
Այնուհետև սովորել է Մոսկվայի Արվեստի ինստիտուտի կիթառի բաժնում և Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում։
Մի շարք միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է:










