Queen ռոք խմբի երաժիշտը ցանկանում է այցելել Հայաստան

19:46 • 12.10.10

Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում հյուրընկալվել էր բրիտանական հանրահայտ «Քուին» (Queen) ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյը, որին Հայաստանին մատուցած ծառայությունների համար դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հանձնել է ՀՀ Նախագահի շնորհած Պատվո շքանշանը: Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը նաև ցանկություն է հայտնել այցելել Հայաստան:

Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է նաև որպես բազմաթիվ մարդասիրական և բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988 թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» («Rock Aid Armenia») նախագծի մասնակից: