«Երաժշտությունն ընդդեմ ՄԻԱՎ-ի» խորագրով ռոք համերգ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իր ներգործությամբ և կործանարար չափերով այսօր ողջ աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել, որը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին, ազդում է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի և տարրերի վրա: Այսօր աշխարհում շուրջ 33.4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով: Աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը սպառնում է նաև Հայաստանին: 1988թ. մինչև 2010թ. օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 913 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ հաշվարկային տվյալներով ՀՀ-ում բնակվում է մոտ 2000 ՄԻԱՎ վարակակիր: Չափազանց մեծ անհրաժեշտություն կա ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու համար:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հանդիսանալով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակ կառույց, ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված իրազեկման բարձրացումը բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում, համարում է կարևորագույն խնդիր:
2004 թվականից ի վեր ՀԿԽԸ-ն իրականացնում է «Կողմնորոշվելու ժամանակն է» ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից և կազմում է ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագրի մաս: Ծրագրի շրջանակներում իրականացվում են լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են համերգներ, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, սպորտային մրցաշարեր:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:00-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «The Beautified Project» ռոք խմբի հետ համատեղ կազմակերպում են «Երաժշտությունն ընդդեմ ՄԻԱՎ-ի» խորագրով բարեգործական համերգ:
Համերգի նպատակն է ՀՀ մշակույթի գործիչների և ճանաչված երիտասարդ կատարողների անմիջական մասնակցությամբ ճշգրիտ տեղեկատվություն տարածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` բարձրացնելով հանրության իրազեկության մակարդակը խնդրի շուրջ:
Համերգի ընթացքում սրահում կտեղադրվեն տեղեկատվական ստենդեր, կբաժանվեն ՄԻԱՎ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ:










