Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի ձևավորումը մրցանակ է շահել
Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեում, որի արդյունքներն ամփոփվել են 2010թ. հոկտեմբերի 12-ին, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձևավորում և առարկաների դիզայն կատեգորիայում առաջին մրցանակի արժանացել է SKBD ստուդիան, որն իրականացրել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հավաքածուի ցուցադրությունը (հեղինակներ` Աթիլլա Կիմ, Տիբերիու Բուկշա, Ադրիանա Դիակոնու, Էլենա Ստոյան, Ռուքսանդրա Բերինդե և Անա Բոտեզատու):
Մրցույթն ընդգրկում էր վեց կատեգորիաներ` 1000քմ ավելի ճարտարապետություն, 1000քմ պակաս ճարտարապետություն, ուրբանիզմ և քաղաքային տարածքների ձևավորում, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձևավորում և առարկաների դիզայն, հուշարձանների վերականգնում և շենքերի վերակենդանացում, ճարտարապետական հրատարակություններ:
Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը բացվել էր Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրըվենի (Dumbraveni) քաղաքում, ս/թ հուլիսի 15-ին, մշակութային ինքնության վերականգնման և խթանման ռումինա-եվրոպական համագործակցության շրջանակներում: Թանգարանի հիմնադրումն իրականացվել էր Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի կառավարությունների կողմից հիմնադրված «Հայ համայնքի վերածննդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենիի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաև դրա միջոցով տեղական տուրիզմի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը: Թանգարանը տեղավորված է Դումբրըվենիի հայ կաթողիկե Սուրբ Եղիսաբեթի տաճարին հարևան պատմական Ապաֆի ամրոցում:
Դումբրըվենին համարվում է Տրանսիլվանիայի հայկական բնակավայրերից մեկը: Հայերն այնտեղ հաստատվել են դեռևս 17-րդ դարի վերջում: 18-րդ դարի սկզբում հայերի ջանքերի շնորհիվ Դումբրըվենին ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, կառավարվել հայերի կողմից` հայկական օրենքներով և վերանվանվել Ելիզաբեթոպոլիս: Քաղաքում կառուցվել են հայկական եկեղեցիներ, վարչական և կրթական հաստատություններ, առևտրական և բնակելի տներ, որոնց մի մասը պահպանվում է մինչև այսօր:










