Ռիբակի համերգները Չինաստանում չեղյալ են հայտարարել Նոբելյան մրցանակը չինացի այլախոհին շնորհելու պատճառով
Չինաստանը չեղյալ է հայտարել «Եվրատեսի 2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակի համերգները Չինաստանում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը չինացի այլախոհ Լյու Սյաոբոյին շնորհելու պատճառով։ Այս մասին հայտնում էThe Earth Times–ը։
Նշենք, որ Ռիբակը նոյեմբերին պետք է համերգերով հանդես գար մի քանի չինական քաղաքներում։ «Մեզ ասացին, որ դրանք պատժամիջոցներ են Նոբելյան մրցանակը Լյու Սյաոբոյին հանձնելու համար, և մենք չենք կարող համերգային ծրագրով հանդես գալ»,– լրագրողներին ասել է նորվեգացի կոմպոզիտոր Թոմաս Սթանգհելը։
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները չեղյալ էին հայտարարել նաև երկու նորվեգացի նախարարների հետ նախաատեսված հանդիպումը։
Հիշեցնենք, որ 2010թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն՝ «Չինաստանում մարդու իմնարար իրավունքների պաշտպանության համար»։ Անցած տարի Լյու Սյաոբոն դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման այսպես կոչված 08 Խարտիան մշակելու համար, որը կոչ էր անում Չինաստանում բազմակուսակցական դեմոկրատիա սահմանել և հարգել մարդու իրավունքները։
Չինաստանի ԱԳՆ–ն զգուշացրել էր Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին, որ այդ մրցանակը չշնորհի «հանցագործ» Սյաոբոյին՝ նշելով, որ դա կհակասի այդ մրցանակի սկզբունքներին, ինչպես նաև սպառնացել էր խզել դիվանագիտական հարաբերությունները։










