Այսօր հայ կինոյում մարդն է պակասում
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպված «Մեր ժամանակի հերոսը» խորագրով քննարկման ժամանակ դժգոհեց հայ հանդիսատեսից:
Հանրապետության տարբեր մարզերում կինոն հասանելի դարձնելու նպատակ հետապնդող «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում այս օրերին ժապավենային տարբերակով ցուցադրվում են հին հայկական ֆիլմերը, սակայն, ըստ Գևորգյանի, հանդիսատեսի կողմից ակտիվություն չի նկատվում: Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ իրենք շարունակելու են այդ ֆիլմերի ցուցադրությունը, եթե անգամ մեկ հանդիսատես լինի: Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից այս ծրագիրը կընդլայնվի:
Կինոգետ Սուրեն Հասմիկյանը նշեց, որ ամեն անգամ նմանօրինակ հավաքներին կինոյի կարկառուն դեմքերը չեն մասնակցում: «Արդեն մտածում ենք` թեմայի շուրջ խոսելիս հո՞ բամբասանք չարվեց: Ես կարծում էի, որ այսօր 5-6 ռեժիսոր կգա, բայց եկել են երկուսը: Եկեք դիալոգի, որն այսօր բացակայում է մեր արվեստում»,- կոչ արեց նա: Ըստ նրա, կինոյում էլ դիալոգ չկա, միայն մոնոլոգ է, ինչը սարսափելի է:
«Փարաջանովը կերազեր ստանալ այն մրցանակների թեկուզ մի մասը, որոնք այսօր ստանում են երիտասարդ դերասանները: Դա նշանակում է, որ պրոցես, քանակ ու որակ կա: Մեր այսօրվա կինոն գավառական չէ, կա ոճ, տարբերվում են ֆիլմերը, բաց կան նաև չլուծված պրոֆեսիոնալ հարցեր»,- նշեց նա:
Հասմիկյանի խոսքով` մի քիչ դժվար է խոսել այսօրվա թեմայի մասին, եթե հաշվի առնենք, որ այսօր հերոս չկա: «Կյանքում հերոս չկա, ինչո՞ւ պետք է արվեստում լինի»,- նկատեց նա:
Ըստ նրա` այսօր հայ կինոյում մարդն է պակասում, սովորական, նորմալ մարդը:
«Կան հետաքրքիր լուծումեր, տեսարաններ, բայց մարդ չկա: Դա դերասանների մեղքը չէ, ունենք շնորհալի դերասաններ: Բայց ի՞նչ են նրանք կերտում, ո՞ւր են գնում, ինչի՞ մասին են նրանց ֆիլմերը: Արդյոք կերտած կերպարները հետք թողնո՞ւմ են մեր սրտերում, հիշո՞ւմ են նրանց»,- հարցադրումներ արեց կինոգետը:
Նա նկատում է, որ հայերն ընդամենը ֆիլմերում ինքանարտահայտվում են: Իսկ դա բերում է նրան, որ ֆիլմերում դառնում ենք ավելի վատը, քան իրականում կան: «Մեր ենթագիտակցությունը խեղդել է գիտակցությունը»,- նշեց նա` նկատելով, որ այսօր կինոյում «դեբիլիզացիայի» գործընթաց է գնում:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ նշեց, որ ինքը համաձայն չէ, երբ ասում են, որ այն ժամանակ ավելի լավ կինո ենք ունեցել, քան հիմա: Այսօրվա կինոն, ըստ նրա, թեև ծուռումուռ է, բայց ավելի ադեկվատ է:










