Սիրահարների այգում երեխաները բնություն կնկարեն

17:46 • 21.10.10

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը արդեն երրորդ տարին է կազմակերպում է Նկարչական օր, որի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ: Նկարչական օրը հայ երեխաների՝ բնության մասին ունեցած պատկերացումների և մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում:

2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ ունի համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերում:

2010թ.-ի Նկարչական մրցույթին մասնակցելու համար հիմնադրամը երեխաներին և երիտասարդներին առաջարկել է նկարել հետևյալ թեմաներով`

-Իմ երազանքների քաղաքը
-SOS
-Իմ հայրենի բնությունը
-Իմ երազած Կենդանաբանական այգին

Հիմնադրամն արդեն ստացել է հարյուրավոր նկարներ, որոնք տեղադրված են www.paintingday.sunchild.org կայքում: Կայքում նկարների տեղադրումը և on-line քվեարկությունը կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Սիրահարների այգում կմեկնարկի Համահայկական նկարչական մրցույթի գլխավոր միջոցառումը, որը յուրահատուկ բնապահպանական ակցիա կդառնա. մրցույթին մասնակցող երեխաները կնկարեն տարբեր մանկապարտեզների և կրթօջախների կողմից տրամադրված սեղանների վրա` ի ցույց դնելով բնության մասին իրենց պատկերացումներն ու մտահոգությունները:

Համահայկական նկարչական մրցույթի արդյուքները կամփոփվեն նոյեմբերին, իսկ դեկտեմբերին կկայանա մրցանկաբաշխությունը:

Համահայկական նկարչական օրվա մեկնարկով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության նոր փուլ է սկսում` հայտարարելով Հայաստանում առաջին Էկոլոգիական գիտությունների քոլեջի նախագծի և դրան նվիրված քարոզարշավի մասին:

Այն կրթաուսումնական յուրահատուկ հաստատություն կդառնա գործարար աշխարհի, կառավարության, լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների վերապատրաստման համար:

Էկոլոգիական հետազոտությունների քոլեջն իր կառուցվածքով նման կլինի ամերիկյան մոդելի երկամյա համայնքային քոլեջներին և կրթաուսումնական ծրագրեր կիրականացնի հետևյալ ուղղություններով` Տնտեսություն, Լրատվամիջոցներ և շրջակա միջավայր, Կիրառական բնապահպանական գիտություն: