Ղարաբաղի հայկականությունն ապացուցող գտածոները ոչնչացնում են բուլդոզերներն ու գանձագողերը

18:05 • 22.10.10

1990թ. մի խումբ հնագետներ սկսեցին ուսումնասիրել ազատագրված տարածքները։ Այս տարիների ընթացքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1500՝ պատմամշակութային արժեք ներկայացնող գտածո։
Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեց հնագետ Արտակ Գնունին՝ 1996–ից ուսումնասիրություններ են կատարվել ԼՂ Քաշաթաղի շրջանի Կովսական ենթաշրջանի Կերեն գյուղում։ Ըստ նրա՝ 2005թ. պեղվել են հետաքրքիր հուշարձաններ, դամբարանադաշտ, որոնք վերաբերում են ուշ Ուրարտական, Երվանդյան ժամանակաշրջաններին։

«Այստեղ երևում է նույնությունը հայկական մշակույթի հետ։ Գտածոների մեջ մենք տեսնում ենք Ուրարտական և Վանի թագավորությունների մշակույթների ազդեցությունը», – ասաց նա;
Հնագետը նշեց, որ պեղումների արդյունքները վկայում են, որ այսօրվա Ղարաբաղը բուն հայկական տարածք է։

Միաժամանակ, նա նշեց, որ այդ դամբարանադաշտը «պերմանենտ» ավերվում է, ինչպես բնական, այնպես էլ արհեստական ճանապարհով։ «Դամբարանադաշտի 700–800 մետր տարածքը այլևս գայություն չունի. այն քանդել են բուլդոզերները՝ նոր ճանապարհ բացելու համար», – պարզաբանեց նա։ Բացի դրանից, իրենց գործն են անում նաև գանձագողերը։

Իր հերթին, ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը հավելեց, որ այդ տարածքներից պեղված նմուշներից մոտ 500–ն արդեն անձնագրավորվել են։ Այժմ կատարվում է կատալոգի ստեղծման աշխատանք։

Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ մինչև այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կբացվի Բերձորի թանգարանը, որտեղ կցուցադրվեն բոլոր գտածոները։