Բրեգովիչը Հայաստանում կերգի «ալկոհոլ», Դոմինգոն՝ նեոպոլիտանյան արիաներ

16:45 • 25.10.10

Առաջիկայում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երևանում համերգներով հանդես կգան Գորան Բրեգովիչը՝ իր Wedding & Funeral Orchestra նվագախմբով և աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն։
«Բրեգովիչը մեծ տաղանդ ունեցող անձնավորություն է, ռուսերեն ասում են личность՝ սիրված ամբողջ աշխարհում», – այսօրվա ասուլիսին ասաց փառատոնի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։

Նա տեղեկացրեց, որ Բրեգովիչը գալու է Երևան իր նվագախմբի ընդլայնված կազմով։ Համերգին հանդես կգա նաև նրան մշտապես ուղեկցող կանանց երգչախումբը։

Փառատոնի ղեկավարը հավելեց, որ Երևանում Բրեգովիչը կներկայացնի իր «Ալկոհոլ» ծրագիրը։

Հիշեցնենք, որ Գորան Բրեգովիչի և Wedding & Funeral Orchestra նվագախմբի համերգը տեղի կունենա նոյեմբերի 15–ին։

«Պլասիդո Դոմինգոն շատ ուրախ է, որ գալիս է Հայաստան», – հպարտությամբ ասաց փառատոնի ղեկավարը՝ անդրադառնալով աշխարհահռչակ տենորի երևանյան համերգին։

Նա հավելեց, որ Դոմինգոն արդեն տեղեկացրել է իր հայ բարեկամներին, այդ թվում՝ Շառլ Ազնավուրին, որ համերգ է տալու Երևանում։

Կազմակերպիչները տեղեկացրեցին նաև, որ համերգի առաջին մասում Դոմինգոն կկատարի դասական գործեր, իսկ երկրորդ մասում՝ նեոպոլիտանյան արիաներ։
Հավելենք, որ կազմակերպիչները հույս ունեն, որ Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա հայ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը։