Ջո Կոկերը Երևանում կկատարի սիրված հիթերը
Վաղը՝ հոկտեմբերի 26–ին, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում համերգով հանդես կգա աշխարհահռչակ երգիչ Ջո Կոկերը։
«Մենք չենք սահմանափակվում դասական երաժշտությամբ. մի քանի տարիների ընթացքում հրավիրել ենք նաև ջազ, փոփ երաժիշտներին, այն մարդկանց, ովքեր այդ ոճում դարձել են կենդանի լեգենդ», – այսօրվա ասուլիսին ասաց փառատոնի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։
Նա տեղեկացրեց, որ Կոկերի երևանյան համերգը կազմակերպչական առումով շատ ջանքեր է պահանջեց։ Մինչև համերգը Երևան է այցելել ոլորտում հայտնի մենեջեր Վոլֆի Մարկը, ով ստուգել է Հայաստանի հնարավորությունները։ «Ի ուրախություն մեզ՝ նա տվեց դրական եզրակացություն», – փաստեց Ռոստոմյանը։
Փառատոնի ղեկավարը հավելեց, որ Վոլֆի Մարկը աշխատում է մի շարք աշխարհահռչակ երգիչների հետ։
«Մի կողմից ուրախ ենք, մյուս կողմից՝ վշտացած։ Բարի ավանդույթների համաձայն՝ համերգներին մենք միշտ հրավիրում էինք երաժշտասերներին, ովքեր հնարավորություն չունեն տոմս գնել։ Այս անգամ թող ներող լինեն։ Տոմսերի վերաբերյալ մենք որևէ պատասխան չենք կարող տալ», – ասաց նա՝ նշելով, որ փառատոնն իրենց համար կոմերցիոն ծրագիր չէ։ Ռոստոմյանի խոսքով՝ այն ուղղված է Հայաստանում մշակույթի զարգացմանը։
Հիշեցնենք, որ Կոկերի նախատեսվող համերգի ֆինանսավորողն «Ամերիաբանկն» է։ Այդ համերգը նվիրվում է բանկի 100–ամյակին։
Համերգի կազմակերպիչները նաև տեղեկացրեցին, որ երգիչը Երևան կժամանի իր Hard Knocks Tour համաշխարհային շրջագայության շրջանակում։Բացի նոր ծրագրից, Կոկերը կերգի բոլորի կողմից սիրված հիթերը։










