Համահայկական նկարչական օր՝ Սիրահարների այգում

15:02 • 25.10.10

Արդեն երրորդ տարին Վայրի բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է Նկարչական մրցույթ։ Այս տարի մրցույթը կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ հայրենիքի վերաբերյալ բնապահպանական երազանքներ ու մտահոգություններ կներկայացվեն նաև Սփյուռքի տարբեր գաղթօջախներից:

Այս տարի մրցույթին մասնակցում են 4 տարիքային խմբեր` նկարչական մրցույթի մեջ ընդգրկելով 5-30 տարեկան երեխաների, պատանիների ու երիտասարդների Հայաստանից ու Սփյուռքից:

Համահայկական նկարչական մրցույթը սկսվել է սեպտեմբերից և կընթանա մինչև նոյեմբերի 30-ը: Յուրաքանչյուր մասնակից իր նկարները ներկայացնում է www.paintingday.sunchild.org կայքում, որտեղ ընթանում է on-line քվերակություն. հաղթողները որոշվում են ըստ իրենց կայքում ստացած միավորների, ինչպես նաև Նկարչական մրցույթի ժյուրիի կողմից:

Այս տարի Համահայկական նկարչական մրցույթի շրջանակներում հիմնադրամը համայն աշխարհի հայ երեխաներին առաջարկում է նկարել հետևյալ թեմաներով`
Իմ երազանքների քաղաքը
Իմ երազած կենդանաբանական այգին
Իմ հայրենի բնությունը
SOS

Հիմնադրամը մրցույթը կամփոփի ձմռանը և մրցանակաբաշխության ժամանակ բազմաթիվ երեխաներ հետաքրքիր ու օգտակար մրցանակների կարժանանան ոչ միայն հիմնադրամի, այև` գործընկեր կազմակերպությունների կողմից:

Հոկտեմբերի 24-ը հայտարարելով որպես Համահայկական Նկարչական օր` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հնարավորություն ընձեռեց հարյուրավոր երեխաների բաց երկնքի տակ նկարել բնության թեմաներով:

Երեխաներից շատերը, ովքեր նախապես կայքում տեղադրել էին իրենց աշխատանքները, նույն նկարները վերանկարեցին տարբեր կրթօջախներից բերված գրասեղանների վրա, իսկ մյուս երեխաները` աշխատեցին նկարակալների վրա, վերջում դրանք հանձնելով հիմնադրամին` այդպիսով ընդլայնելով մրցույթի մասնակիցների կազմը: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր տարիքի հարյուրավոր երեխաներ մայրաքաղաքից և Հայաստանի մարզերից

Նկարչական օրն ուղեկցվեց բնապահպանական խաղերով, ակցիաներով, Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը մաքրելուն և նկարազարդելուն ուղղված ստորագրահավաքով, շրջիկ գրադարան «Կանաչ ավտոբուսի» նվերներով, երաժշտական հետաքրքիր համարներով, տիկնիկային թատրոնով: