Հայաստանի դեսպանը և Ռումինիայի մշակույթի նախարարը քննարկել են հայ-ռումիանական մշակութային կապերը

20:07 • 26.10.10

Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի Մշակույթի և ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենն (Hunor Kelemen, Minister of culture and national heritage) ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվել են մշակույթի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության, հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել մի շարք ծրագրերի շուրջ:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև իրականացվող մշակութային ծրագրերի կապակցությամբ` ընդգծվել է, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները և ներկայումս առկա ներուժը, ինչպես նաև պաշտոնական փոխշփումները, 2006թ. ի վեր գործող մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում համագործակցության հնգամյա ծրագրի շրջանակներում ստանձնած փոխադարձ պայմանավորվածություններն ու ստեղծագործական կապերը:

Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում` ընդգծվել է այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման և լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղել երկու երկրների ջանքերը և առաջիկայում նախաձեռնել կոնկրետ ծրագրեր: