Ադրբեջանական կեղծիքների պատասխանը՝ Ռուբեն Գալչյանի գրքում

16:35 • 28.10.10

Այսօր կայացել է Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, Armenian Institute կազմակերպության հոգաբարձու, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքի ռուսերեն տարբերակը:

Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009թ., որտեղ հղում է կատարված 130 գիտական աղբյուրների և փաստերի: Ռուսերեն հրատարակությունը պարունակում է 75 քարտեզ և պատկեր, որոնք ադրբեջանական կեղծիքի խոսուն ապացույցներ են:

«Մեր հարևանները 50–60 տարի փորձում են վերացնել մեր անունն այս տարածաշրջանից», – իր խոսքում ասաց գրքի հեղինակը։

Գալչյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրատարակվող հակահայկական գրականությունը ահռելի ծավալների է հասնում։ «Նրանք անվճար բաժանում են նմանատիպ գրականություն, այդ գրքերն առկա են աշխարհի տարբեր քաղաքների գրադարաններում», – հավելեց նա։

Գալչյանի գիրքը գրված է որպես պատասխան անցած 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների։

Հեղինակը նաև նշեց, որ 30 տարի քարտեզագիտություն է ուսումնասիրում։ «Իսլամական, հունական և տարբեր քարտեզներում նշվում է երկու երկիր, որոնք պատմություն ունեն, դա Պարսկաստանն է և Հայաստանը», – ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը քարտեզներում հայտնվել է Հայաստանից 2500 տարի հետո։