Վախենում էի Ջիվանի երաժշտությունը երկրորդ անգամ լսել. Գրեբենշչիկով
Հոկտեմբերի 31–ին Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Բորիս Գրեբենշչիկովի և լեգենդար «Ակվարիում» խմբի համերգը։
«Մեզ համար մեծ երջանկություն է Երևան այցելելը»,– Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրեբենշչիկովը։
Հարցին, թե ինչ անակնկալնեեր կարելի է սպասել առաջիկա համերգից, Գրեբենշչիկովը պատասխանեց.
«Ամենամեծ անակնկալն այն է, որ «Ակվարիումը», այնուամենայնիվ, հասավ Երևան»։
Վաղվա համերգին Գրեբենշչիկովը հանդես կգա դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ։
«Առաջին անգամ չէ, որ միասին հանդես ենք գալիս նույն բեմում։ Համերգներ ենք ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Իր հերթին, Ջիվան Գասպարյանը նշեց, որ իմպրովիզ է անելու բեմի վրա։
Ջիվան Գասպարյանը հատուկ Գրեբենշչիկովի համար հետաձգել է նոյեմբերի 1–ին Կրասնոդարում կայանալիք իր համերգը։
Առաջին անգամ Գրեբենշչիկովը Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունները լսել է 70–ականների վերջին. «Այդ երաժշտությունը սրտիս դիպավ այնպես, որ նույնիսկ վախենում էի երկրորդ անգամ լսել այն, այն չափազանց գեղեցիկ էր, չափազանց տխուր։ Նույնիսկ ամենաանհավանական երազում չէի կարող պատկերացնել, որ ոչ միայն կհանդիպեմ նրան, այլև հնարավորություն կունենամ խոսել, նվագել նրա հետ, և ոչ մեկ անգամ, ավելին՝ ձայնագրվել նրա հետ։ Աստված, այնուամենայնիվ, մեր ուղիները խաչեց։ Մինչև հիմա էլ ինձ համար մեծ պատիվ ու այնպիսի մեծ երջանկություն եմ համարում, որ նույնիսկ չեմ կարողանում այդ մասին խոսել։
Հիշեցնենք, որ «Ակվարիումի» համերգը Երևանում նվիրված է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300–ամյակին։ Գրեբենշչիկովի համար մեծ անակնալ է եղել նորությունը, որ վաղը նախատեսված է նրա գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Հարցին, թե արդյո՞ք նրա գրքերը թարգմանվել են նաև այլ լեզուներով ԱՊՀ տարածքում, Գրեբենշչիկովը պաատսխանեց. «Ոչ մի լեզվով չեն թարգմանվել»։










