Մկրտիչ Մալխասյանն արժանացել է օպերատորների միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին
Մկրտիչ Մալխասյանը «Նորա» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե աչք» օպերատորների 2–րդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը։
«Սա մեծ նվաճում է հայկական կինոյի համար»,– նշեց նա։
Աշխարհի տարբեր երկրներից փառատոնին ներկայացվել էր 51 աշխատանք։ «Ոսկե աչքին» մասնակցել են օպերատորներ Իսպանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինայից։
Ֆիլմի օպերատոր Մալխասյանը հայտնեց, որ «Նորան» նկարահանվել է 2008թ. Մոզամբիկում։ «Այս փառատոնը գնահատում է բացառապես օպերատորական աշխատանքը՝ լավագույն կադր, լավագույն դիմանկար և այլն»,– ասաց նա։
Մալխասյանը նշեց, որ ֆիլմում հերոսուհին պարի միջոցով է ներկայացնում պատմությունը։
«Ֆիլմի ամեն մի կադարը ցանկացել եմ հայկականությամբ լցնել»,– ասաց նա՝ հավելելով, որ «Նորայում» զգացվում է Փարաջանովի շունչը։
«Նորան» մասնակցել է տարբեր միջազգային փառատոների՝ արժանանալով 30-ից ավելի մրցանակներին։










