Դի Կապրիոն կմարմնավորի Ամերիկայի առաջին սերիական մարդասպանին
Լեոնարդո դի Կապրիոն պատրաստվում է մարմանավորել Ամերիկայի պատմության մեջ առաջին սերիական մարդասպան Հենրի Հովարդ Հոլմսի կերպարը, որը «գործել է» Չիկագոյում 1893 թվականին՝ Համաշխարհային տոնավաճառի ժամանակ՝ կործանելով մի քանի տասնյակ մարդկանց կյանք։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter–ը։
Դի Կապրիոյին պատկանող The Appian Way ընկերությունը գնել է «Սատանան Վայթ Սիթիում» Էրիկ Լարսոնի փաստագրական հետազոտության էկրանավորման իրավունքը։
Այն լույս է տեսել 2003 թվականին՝ 3 տարի շարունակ մնալով New York Times թերթի բեսթսելերների ցուցակում և թարգմանվել է 17 լեզվով։
Ստեղծագործությունը երկու մարդու կյանքի պատմություն է՝ ճարտարապետ Դենիել Բերնհեմի, որը կառուցել է ոչ միայն Համաշխարհային տոնավաճառի տաղավարները, այլ նաև դրանք շրջապատող Վայթ Սիթիի զվարճանքի այգին, և հանցագործ Հենրի Հոլմսի, որը գայթակղելով իր տուն էր տանում կանանց և սպանում։
Ֆիլմի պրոդյուսերը Ջենիֆեր Քիլորանն է։ Այժմ Լեոնարդո դի Կապրիոն փնտրում է սցենարիստի։










