Լուսանկարների մրցույթ՝ «Կանանց նկատմամբ բռնություն» թեմայով
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Կանանց նկատմամբ բռնություն» թեմայով լուսանկարների մրցույթ:
Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակից, մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ինչպես նաև լուսանկարչությամբ պարզապես հետաքրքրվող անձինք: Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար։
«Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» եռամյա ծրագիրը (ԸԳԲ) իրականացվում է Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
ՄԱԲՀ-ի հովանու ներքո իրականացվող ԸԳԲ ծրագիրը միտված է երկրում գենդերային բռնության վերացմանն ուղղված նպաստավոր միջավայրի ձևավորմանը` կանանց իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ պաշտպանությունն ու խթանումն ապահովելու, ինչպես նաև գենդերային հավասարությունն ամրապնդելու և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցությունը մեծացնելու նպատակով:










