Հուշարձանների վերանորոգման խնդիրները Հայաստանում անտեսված են. Վարդան Պարսամյան

12:34 • 04.11.10

Հուշարձանների վերանորոգման խնդիրները Հայաստանում անտեսված են։ Ասյ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը:

Նրա խոսքով` պետության և կառավարության հնարավորությունները բավարար չեն ոլորտի խնդիրները լուծելու համար: «Հատկացվող գումարները չնչին են»,- ասաց նա՝ նշելով, որ այս տարի պատբյուջեից հատկացվել է մոտ 213 մլն դրամ` հուշարձանների վերականգնողական աշխատանքների, պեղումներ և այլ աշխատանքների իրականացման համար այն դեպքում, երբ մեկ հուշարձանի վերականգման համար միջինը անհրաժեշտ է 80-100 մլն դրամ:

«Մեր խնդիրներից է նաև ուսումնական կենտրոնի ստեղծումը և կենտրոնը մասնագետներով համալրելը: Այդ խնդիրները շատ պատասխանատու և ծանր են»,- ասաց նա: Ըստ Պարսամյանի՝ խնդիր են նաև տրանսպորտային միջոցների բացակայությունն ու կենտրոնը համապատասխան տեխնիկական միջոցներով համալրելու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ կենտրոնի 27 աշխատակիցներն այցելում են հուշարձաններ իրենց անձնական մեքենաներով:

2010թ. մարտին ստեղծված Հուշարձանների վերականգնման կենտրոնը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո: