Համազգայինում կբացվի քանդակագործ Դավիթ Մինասյանի ցուցահանդեսը

16:10 • 05.11.10

Նոյեմբերի 8–ին Համազգային պետական թատրոնի ճեմասրահում կբացվի հայտնի քանդակագործ Դավիթ Մինասյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը։

«Իտալական կադրեր» ցուցահանդեսը սկիզբ կդնի նոյեմբերի 8–13-ը Երևանում նախատեսվող իտալական ժամանակակից ֆիլմերի շաբաթվա բացմանը։

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին նշեց, որ շատ հաճելի է տեսնել քանդակների և ֆիլմերի համադրությունը։

Միաժամանակ նա հավելեց, որ Մինասյանի քանդակները իտալական շունչ ունեն։

«Այսպիսով, սա լավ առիթ է ավելի ամբողջական ներկայացնելու Իտալիայի պատկերը։ Դավիթի աշխատանքներում իտալական մշակույթը յուրովի է մեկնաբանվում»,– նշեց նա։

Քանդակների հեղինակն իր հերթին հավելեց, որ այս մտահաղացումը վաղուց սպասում էր իրականացման։ «Հուսով եմ, որ այս պրոյեկտը շարունակական է լինելու, քանի որ իտալական մշակույթն անսպառ է»,– ասաց նա։