Պատուհան դեպի իտալական մշակույթ. Երևանում կանցկացվի իտալական ժամանակակից ֆիլմերի շաբաթ

15:31 • 05.11.10

Նոյեմբերի 8–13-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի իտալական ժամանակակից ֆիլմերի շաբաթ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Համազգային պետական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը։

«Վեց օր շարունակ մեր թատրոնը լցված կլինի իտալական մթնոլորտով», – ասաց նա։

Այսպես, ընտրված 6 ֆիլմերը նախ կմեկնաբանվեն փորձագետի կողմից, հետո անգլերեն ենթագրերով կցուցադրվեն Համազգայինում։

Իր հերթին Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին հիշեցրեց, որ նախկինում եղել են իտալական ֆիլմերի ցուցադրություններ, սակայն ֆիլմերի շաբաթը նորություն է։

«Ընտրված ֆիլմերը ներկայացնում են իտալական ժամանակակից հասարակությունը, նրա խնդիրները։ Կարծում եմ, դրանք առկա խնդիրներ են, որոնք բնորոշ են ժամանակակից աշխարհին», – ասաց նա։

Միաժամանակ նա նշեց, որ կինոյի շաբաթը հայկական պատուհան է դեպի իտալական մշակույթ։

Դեսպանը հավելեց, որ բոլորին հայտնի է, որ իտալական կինոն կարևոր դեր է խաղացել համաշխարհային կինոարտադրության մեջ։ «Իտալիան եղել է կինոարտադրության կարևոր կենտրոններից մեկը», – ասաց նա։

Սկապինիի կարծիքով՝ կինոն հիշողությունները պահպանելու միջոց է, ինչպես նաև բաց պատուհան՝ դեպի բարոյական արժեքներ։

Հավելենք, որ ֆիլմերը կցուցադրվեն ժամը 19։00-ին։ Ցուցադրությունների ամբողջ աբոնեմենտը հնարավոր է գնել 2 հազար դրամով՝ թատրոնի տոմսարկղից։