Վարդան Պետրոսյանը «դասախոսություն» է կարդում բուհերում (տեսանյութ)

14:33 • 05.11.10

«Ես չէի կարող գալ մամուլի ասուլիսին կեղտոտ մեքանայով»,– ասաց դերասան Վարդան Պետրոսյանը՝ ներկայացնելով այսօրվա ասուլիսին իր ուշ ներկայանալու պատճառը։

Լրագրողների հետ հանդիպմանը դերասանը պատմեց, թե ինչ արձագանք է ստանում իր նոր՝ «Վարք Հայաստանի» ներկայացումն ուսանողների շրջանում։

«Սա փակ ներկայացում է, այն ես խաղում եմ միայն ուսանողների համար։ Ես խնդրում եմ, որ բուհերի դասախոսական կազմը ներկա չլինի ներկայացմանը։ Ներկայացումը դիտելուց հետո ուսանողների մոտ շոկը և ցնցումը բավականին մեծ են. ուսանողները պետք է անկաշկանդ լինեն, իսկ դասախոսները կաշկանդում են նրանց»,– պարզաբանեց Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ այս ներկայացմամբ ինքը փորձում է «մտնել ուսանողների սրտերի մեջ»։

Հավելենք, որ Պետրոսյանն արդեն ներկայացրել է «Վարք Հայաստանին» Վանաձորի և Երևանի մի շարք բուհերում։

«Չէի ասի, որ սա թատերական ներկայացում է, սա թատերականացված դասախոսություն է»,– հավելեց դերասանը։

Վարդան Պետրոսյանը «Վարք Հայաստանի» ներկայացումը բեմականացնելիս ոգեշնչվել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությամբ։ Ըստ դերասանի՝ Աբովյանը մի միջոց է, որի օգնությամբ ինքը փորձում է ցույց տալ իրականությունն ու արդի ժամանակները։

«Ես փորձում եմ զուգահեռներ անցկացնել մեր ժամանակների հետ, ցույց տալ մեր այսօրվա երիտասարդությունը, մեր այսօրվա սերը և այլն»,– ասաց նա։

Պետրոսյանի ներկայացումը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում դերասանը խաղում է իր դերը, իսկ երկրորդում զրուցում և պատասխանում ուսանողների հարցերին։

«Հնչեցված խնդիրների մասին անգամ իրենք՝ ուսանողները չեն խոսում, տպավորություն է ստեղծվում, թե նրանք՝ չկարողանալով լուծել, համակերպվել են այդ խնդիրների հետ։ Եվ միշտ ներկայացումից հետո հնչում են այս հարցերը. բա ո՞նց անենք, ի՞նչ անենք»,– եզրափակեց նա։