Այս քաղաքը պետք է կոչվի Լորե. Սոս Սարգսյանն առաջարկում է անվանափոխել Ստեփանավանը
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր հանդիսավորությամբ բացվեց Ստեփանավանի հիմնանորոգված մշակույթի պալատը, որն անվանվել է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։ Հանդիսավոր ժապավենը կտրեցին դերասան Սոս Սարգսյանն ու Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը։
1937թ.–ին հիմնադրված մշակույթի պալատի բեմում խաղացել են անվանի դերասաններ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Հրաչյա Ղափլանյանը, Սոս Սարգսյանը և այլք։
1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ բազմաթիվ շինությունների հետ միասին ավերակների էր վերածվել նաև այս շինությունը։ Ի վերջո 2006թ.–ին սկսվել էին հիմնանորոգման աշխատանքները։
«Նույնքան հուզված եմ, որքան դուք, նույնքան ուրախ եմ, որքան դուք։ Այս շինությունը մեծ նշանակություն ունի Ստեփանավանի համար»,– իր ողջույնի խոսքում ասաց Սոս Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ այս շենքում հայ թատրոնը կշարունակի զարգանալ։
Օգտվելով Սերժ Սարգսյանի ներկայությունից՝ լոռեցի Սոս Սարգսյանը նաև խնդիրներ բարձրացրեց՝ խնդրելով լուծել դրանք։ Ըստ նրա՝ Ստեփանավանի փողոցները բարվոք վիճակում չեն, լուծված չէ խմելու ջրի հարցը։ Նա առաջարկեց նաև փոխել Ստեփանավանի անունը։ Ստեփան Շահումյանի պատվին անվանակոչված քաղաքի անունը Սոս Սարգսյանի սրտով չէ։ «Ստեփան Շահումյանն այս քաղաքի փեսա է եղել, մի երեք անգամ է եկել այստեղ։ Ոչ թե Ստեփանավան կամ Լոռե, այլ Լորե պետք է կոչենք այս քաղաքը, փակուկ ու քնքույշ Լորե»,– ասաց նա։










