Ստեփանավանցիները նշում են իրենց քաղաքի տոնը

12:23 • 06.11.10

Լոռու մարզի հնագույն քաղաքներից մեկում՝ Ստեփանավանում, այսօր նշվում է քաղաքի տոնը։ Իրենց սիրելի քաղաքին շնորհավորելու համար տոնական տրամադրությամբ, դրոշներով ու փուչիկներով քաղաքի փողոցներ են դուրս եկել ստեփանավանցիները։

Ստեփանավանը նախկինում կոչվել է Լոռե, ապա՝ Ջալալօղլի, այդ պատճառով էլ միջոցառումները կրում են «Լոռե–Ջալալօղլի–Ստեփանավան» խորագիրը։ Այս տարի քաղաքի՝ Ջալալօղլի անվանակոչվելու 200-ամյակն է, սակայն այն որպես բնակավայր ավելի հին է։

Ներկայիս Ստեփանավանը ընդգրկված է եղել Տաշիր–Ձորագետի թագավորության մեջ, որը 10–րդ դարի երկրորդ կեսին հիմնել են Բագրատունիների դինաստիայից սերող Կյուրիկյան իշխանները։ Թագավորության մայրաքաղաքը եղել է Լոռե կամ Լոռի բերդաքաղաքը, որի ավերակներն այսօր էլ գտնվում են ներկայիս Ստեփանավանից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա։
1810թ. Արցախի Հասան Ջալալյան հայտնի տոհմից Դավիթ Հասան Ջալալյանը հիմնվելով այստեղ՝ բնակավայրին տվել է Ջալալօղլի անվանումը։

Տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 4-5–րդ դարերում, վկայում է, որ Ստեփանավանը որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռևս 4–րդ դարում։

Ստեփանավանի տոնին այսօր մասնակցեց և ստեփանավանցիների ուրախությունը կիսեց նաև Սերժ Սարգսյանը։