Չարենցի հայրական տունը պետք է վերանորոգվի և դարձվի ուխտատեղի. «Սարգիս Տխրունի»
Հնչակյան կուսակցութան «Սարգիս Տխրունի» միությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Ինչպես կարելի է ծանոթանալ հայկական մամուլի էջերից, Կարս քաղաքում գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հայրական տունը դարձել է ավերակ և թուրք թմրամոլների որջ: Ավելին, այն ցուցադրաբար հանվել է վաճառքի` գնահատվելով 175 000 ԱՄՆ դոլար: Հնչակյան կուսակցութան «Սարգիս Տխրունի» միությունը հայտարարում է, որ հանգանակության աշխատանքները կազմակերպելու համար պատրաստ է իր բոլոր ջանքները գործադրել` տրամադրելով տասնյակ կամավոր երիտասարդների, ովքեր կիրականացնեն այդ աշխատանքը` Մեծն Չարենցի հայրական տունն այս թշվառ վիճակից ազատելու համար»։
Ըստ հաղորդագրության՝ մեր պատկան մարմինների առանձին ներկայացուցիչներ ամեն պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում են, որ գնահատում են Չարենցի թողած հսկայական գրական ժառանգությունը, փորձում պահպանել և փոխանցել այն սերունդներին:
«Կարծում ենք, որ Մեծ բանաստեղծի գրական վաստակի հանդեպ ունեցած հարգանքի լավագույն դրսևորումը կլինի այն, եթե առանձին բարերարների կամ հանգանակության միջոցներով հավաքվի այդ գումարն ու գնվի Չարենցի տունը` այն վերանորոգելով և դարձնելով ուխտատեղի: Այս դեպքում արդեն կարելի է հայտարարել, որ Հայաստան պետությունը տեր է իր ժողովրդի ժառանգությանը, աշխարհի որ ծայրում էլ այն լինի», – նշվում է միության տարածած հայտարարությունում։










