Ամերիկացի գրականագետը վարկաբեկել է Չարենցին. գրականագետ

15:37 • 09.11.10

1998թ. ամերիկացի գրականագետ Ջեյմս Ռասելը այցելելով Երևան՝ մտերմացել է Արտաշես Էմինի հետ, որն էլ նրան է փոխանցել Չարենցի անտիպ գործերի ձեռագրերը։

«Էմինն իմ առջև բացեց Չարենցի անտիպների մի ամբողջ աշխարհ, մի թանգարան։ Նա ինձ վստահեց այդ ձեռագրերը»,- իր միասեռական կողմնորոշմամբ հայտնի Ռասելի հուշերից այս տողերն այսօրվա ասուլիսի ժամանակ ընթերցեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ հայտնելով, որ այդ անտիպներն ուսումնասիրելուց հետո ամերիկացի գրականագետը մամուլում հրապարակումներ է արել։

«Չարենցի ձեռագրերը, ինքնագրերը նա շատ ահավոր սխալներով է վերծանել։ Եվ քանի որ այդ ժառանգությունից Հայաստանում ոչ–ոք տեղյակ չէր, որևէ դատողություն անել հնարավոր չէր»,– ասաց նա։

Մամուլում այդ հրապարակումներին հետևել են Չարենցին վարկաբեկող մեկնաբանություններ։
«Ռասելը սխալ մեկնաբանություններ է տվել՝ Չարենցին մեղադրելով միասեռականության, բազմասեռականության մեջ, հազար ու մի նման բաների մեջ։ 262 էջից նա հրապարակել է այնպիսի բանաստեղծություններ, որոնք իրեն են սրտամոտ։ Նա մասնավորապես կանգ է առել Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունների վրա»,– նշեց նա։

Գասպարյանը տեղեկացրեց, որ այս տարի սեպտեմբերին ինքը ծանոթացել է այդ անտիպների հետ։ Գրականագետը նշեց, որ դա Չարենցի չուսումնասիրված ժառանգության մասն է։

Նա նաև հիշեցրեց, որ 2008թ. Մշակույթի նախարարությունը գնել էր Չարենցի անտիպների մի մասը։
«Ձեռագրերի մի մասը պարզապես մնացել է, այն պետք է գնել։ 2008 թվականին մեծ մասը գնվեց, սակայն հատկացրած գումարը չբավարարեց»,– ասաց նա։