Չեխ ապակեգործի գունազարդ և էկզոտիկ ֆիգուրները՝ Երևանում (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկեց «Ստեղծագործություն և երևակայություն» խորագրով նոր մանկական ծրագիր։ Այն անցկացվում է չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի նորաբաց «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի շրջանակներում։
Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց կենտրոնի ծրագրերի և կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը, այս ծրագրի շրջանակներում կանցկացվեն ստեղծագործականության և արվեստի հատուկ խաղ–դասեր 6–12 տարեկան դպրոցականների համար։ Դասերը հիմնվելու են Շրամկովայի ստեղծագործությունների վրա։ Մարաբյանը նաև հավելեց, որ շաբաթ օրերին նույն ծրագրին կարող են մասնակցել նաև երեխաների ընտանիքների այլ անդամներ։
«Այս ծրագրի ընդհանուր նպատակն է՝ սերտացնել թանգարան–դպրոց, թանգարան–ընտանիք կապը, նաև աջակցել երեխաների գեղագիտական դաստիարակությանը։ Երեխաներին հնարավորություն է ընձեռվում ստեղծել իրենց արվեստի գործերը», – նշեց նա։
Այսօր անցկացված առաջին դասին մասնակցեցին «Զատիկ» մանկատան սաները։ Այս դասը վարեց անմիջապես չեխ արվեստագետը։
«Այս ամենի իրականացումն ինձ համար իսկապես երազ է»,- ասաց Շրամկովան։
Խոսելով իր արվեստի և աշխատանքների մասին՝ արվեստագետը նշեց, որ պարզ, բայց ոչ պարզունակ երկրաչափական ձևերը օգնում են մեզ ընկալել աշխարհը։
«Ես փորձում եմ ներկայացնել աշխարհի մի մասը կենդանիների միջոցով։ Մենք բնակվում ենք նրանց հետ նույն երկրագնդի վրա»,– ասաց նա։
Շրամկովայի արվեստի վրա ազդեցությունն են գործել կուբիզմը և աֆրիկյան երկրների արվեստը։
«Գաֆէսճեանում» ներկայացված Շրամկովայի 12 աշխատանքների մեծ մասը ինքնատիպ և էկզոտիկ կենդանիներ են՝ ուլունքազարդ պոչով կապույտ ձի, ծեր խոզ, ջայլամ։
Հավելենք, որ ցուցահանդեսը և ծրագիրը կավարտվեն 2011թ. մարտին։
.jpg)










