Լույս կտեսնի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի համալրված տարբերակը
Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը կարևոր դեր կխաղան Հայ դատի արդարացի լուծման համար: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց բանահավաք Վերժինե Սվազլյանը:
«Ես մեղվի պես աշխատել եմ 55 տարի և հավաքել վերապրածների հիշողությունները»,- ասաց նա:
Բանահավաքը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին լույս են տեսել տարբեր ժանրերի ստեղծագործություններ, սակայն ժողովրդի ձայնը կարծես թե չի հնչել:
«Հիշողությունը պետք է գրի առնվեր և հանձնվեր գիտական հանրությանը: Այս ամենն իր խոշորագույն դերը կունենա Ցեղասպանության ճանաչման մեջ», - ասաց նա:
55 տարիների իր աշխատանքը Սվազլյանը ներկայացրել է բազմաթիվ հրատարակություններում, այդ թվում նաև «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքում: 2000թ. լույս տեսած այդ գրքում ներառված են ցեղասպանություն վերապրած 600 հայերի վկայություններ:
Հեղինակը տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի գրքի համալրված տարբերակը: Այն թարգմանվել է անգլերեն և թուրքերեն:










