BBC-ն և Բրիտանական խորհուրդը հայտարարում են ռադիոպիեսների մրցույթ

11:19 • 10.11.10

Բրիտանական խորհուրդը և BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտարարում են ռադիոպիեսների 2011թ. մրցույթը: Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ՝ հնարավորություն տալով հեղինակներին լսելի դարձնել իրենց ձայնը: Նախորդ տարի մրցույթին մասնակցել էր ավելի քան 1100 հեղինակ: Հաղթողները ԱՄՆ-ից և Գանայից էին։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրել 60 րոպե տևողությամբ ռադիոպիես: Այն պետք է լինի մինչ օրս չհրատարակված ստեղծագործություն և պետք է ներկայացված լինի միայն այս մրցույթին: Պիեսը պետք է բաղկացած լինի A4 ձևաչափի 50-75 էջից: Յուրաքանչյուր էջը հաշվարկվելու է որպես մեկ րոպե: Ռադիոպիեսը պետք է ունենա առավելագույնը 6 կենտրոնական հերոս: Ստեղծագործությանը հարկավոր է կցել առավելագույնը 400 բառից բաղկացած պիեսի համառոտագիր:

Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հեղինակներ: Մասնակիցը պետք է լինի 16-ից բարձր և չբնակվի Միացյալ Թագավորությունում: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն: Ընդունելի է նաև թարգմանությունը, սակայն պետք է հստակ նշված լինի, որ ստեղծագործությունը թարգմանված է, իսկ թարգմանիչը պետք է լինի որակավորված։

Բրիտանական խորհուրդը և BBC-ն սահմանել են երկու հիմնական մրցանակ։ Առաջին լեզու համարվող անգլերենով գրված ստեղծագործության և երկրորդ լեզու համարվող անգլերենով գրված լավագույն պիեսների հեղինակները կստանան 2500-ական ֆունտ ստեռլինգ և կուղևորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի ձայնագրմանը: Պիեսները BBC-ի համաշխարհային ծառայությամբ կհեռարձակվի 2011թ. նոյեմբերին:

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2011թ. մարտի 31-ն է: Մասնակցության համար ստեղծագործությունը, դիմումի ձևը և պիեսի համառոտագիրը պետք է ուղարկել ինչպես radioplay@bbc.co.uk էլեկտրոնային հասցեին, այնպես էլ BBC –ի համաշխարհային ծառայության հասցեին`

Playwriting Competition 2011
BBC World Service Drama
Room 823b, South East Wing
Bush House
London WC2B 4PH:

Դիմումի ձևին կարելի է ծանոթանալ Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության կայքերից: