Պարոնյանի անվան թատրոնը սկսեց թատերաշրջանը վերանորոգված շենքում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն այսօր «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումով սկսում է իր 69-րդ թատերաշրջանը։ Թատերաշրջանի բացմանը մասնակցեց նաև Սերժ Սարգսյանը։
Նոր թատերաշրջանում թատրոնը հանդիսատեսին կհյուրընկալի կապիտալ վերանորոգված շենքում։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, մեկ տարվա ընթացքում թատրոնում իրականացվել են հսկայական շինաշխատանքներ, որոնց արդյունքում նորացվել և համալրվել է բեմի տեխնիկական մասը, վերանորոգվել են բոլոր հարկերի ճեմասրահները, դերասանների և մնացած աշխատակիցների սենյակները։ «Սա մեզ համար մեծ պատիվ է, քանի որ համատարած ճգնաժամի պայմաններում թատրոնին հատկացվեց պատկառելի գումար»,- ասաց Ղազանչյանը։
Վերանորոգման աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ մոտ 400 մլն դրամ։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 2008 թվականին և վերջնականապես կավարտվեն այս տարվա դեկտեմբերին։
Խոսելով ներկայացման մասին՝ գեղարվեստական ղեկավարը նշեց, որ այն ցուցադրվել է տարբեր երկրներում, իսկ Հայաստանում ցուցադրվում է արդեն 10 թատերաշրջանի ընթացքում։
Միաժամանակ Ղազանչյանը հավելեց, որ համալրվում է թատրոնի աշխատակազմը։ Այսօր բեմում առաջին անգամ ելույթ կունենան երկու երիտասարդ դերասաններ։ Ընդհանուր առմամբ, այս տարի թատրոնը վեց երիտասարդ դերասանի է ընդունել աշխատանքի։
Թատրոնը կշարունակի ուրախացնել թատերասերներին նոր ներկայացումներով։ Դեկտեմբերին, ինչպես նաև 2011թ. մարտին սպասվում են ներկայացումների պրեմիերաներ։











