Գրողների միությունը փաստերն աղավաղող լրագրողների համար սահմանում է «Կեղանք» մրցանակ
Առաջին անգամ Հայաստանում կսահմանվի «Կեղանք» մրցանակ այն լրատվամիջոցների և լրագրողների համար, որոնք իրենց հրապարակած նյութերում աղավաղել են փաստերը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Հաղթողներին կշնորհվեն դիպլոմներ և 1937թ. 3-ռուբլիանոցների պատճեններ:
«Այսօր մամուլի ծառը գլխիվայր է աճում: Այն, ինչ կատարվում է էջերի վրա, դա մղձավանջ է»,- ասաց նա:
Անանյանի խոսքով` հասարակության մի մասը պահպանում է երկիրը, զարգացնում այն, իսկ մյուս մասն անում է ամեն ինչ, որպեսզի երկիրը չկայանա:
«Այս իրավիճակում մարդը մնում է անպաշտպան: Տեղի է ունենում հասարակության ներքին պատերազմ»,- նշեց նա:
Խոսելով մրցանակի մասին` Անանյանը նշեց, որ այն կապում են «37թ. խայտառակ մատնագրերի հետ»:
«Այստեղ իրենց խիղճը երեք ռուբլով վաճառելու խնդիրն է: Շատ ավելի գերադասելի և բարոյական է կրկեսի մոտ մարմինը վաճառել երեք ռուբլով, քան խիղճը վաճառել դրամով, ուզում է՝ լինի երեք ռուբլի, թե երեք մլն եվրո», - ասաց Անանյանը:
Միության նախագահը տեղեկացրեց, որ մրցույթը կամփոփվի այս տարվա դեկտեմբերին:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ Նկարիչների միությունը ևս կմիանա այս նախաձեռնությանը:
«Մրցույթը կանցկացվի տարբեր նոմինացիաներով` տպագիր մամուլ, հեռուստատեսություն, ռադիո և այլն»,- ասաց նա:
Բացի այդ, 7 միություններ պատրաստվում են ստեղծել Ստեղծագործական միությունների ղեկավարների խորհուրդ:










