Հոլիվուդը և Բոլիվուդը կհամագործակցեն

19:52 • 11.11.10

Կինոարդյունաբերության համաշխարհային երկու խոշորագույն կենտրոնները՝ Հոլիվուդը ԱՄՆ–ում և Բոլիվուդը Հնդկաստանում, համագործակցության պայմանագիր են ստորագրել, որը նպատակ ունի բարելավել կինոարտադրանքի ստեղծման և դրա տարածման պայմանները։ Պայմանագիրը նախատեսում է նաև ստեղծել համատեղ ֆիլմեր։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Հնդկաստանը միշտ խոնարհվել է Հոլիվուդի առջև։ Այս պայմանագիրը մեզ իրար է մոտեցնում, արդյունքում մենք կարող ենք փոխանակել գաղափարներ և անձնական փորձ՝ հայրենական և արտասահմանյան հանդիսատեսի համար կինոստեղծման գործում»,– ասել է հնդիկ պրոդյուսեր և պայմանագրի ստորագրման մասնակից Բոբի Բեդին։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիներին երկու կողմերի ստուդիաներն ու պրոդյուսերական ընկերությունները մասնակցել են համատեղ մի քանի նախագծերի ստեղծմանը։ Համագործակցության ամենավառ օրինակը թերևս 2008թ. կնքված համաձայնությունն էր ՝ հոլիվուդյան DreamWorks ստուդիայի, որի համահիմնադիրը ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է, և Բոլիվուդի ամենախոշոր պրոդյուսերական կենտրոնի՝ Reliance ADA Group կենտրոնի միջև։