Հայ և ռուս պատգամավորներն անդրադարձել են ռուսաց լեզվի ուսուցման խնդիրներին

20:11 • 11.11.10

Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 2011թ. Յարոսլավում անցկացվելիք 20–րդ նիստի ժամանակ քննարկվելու են Հայաստանում ռուսաց լեզվի, ինչպես նաև Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրները։ Այս մասին այսօր Երևանում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ միաժամանակ նկատելով, որ դա ՌԴ պատգամավորների առաջարկն է։

Հայաստանում լեզվի մասին օրենքի հետ կապված քննարկումների մասին տեղյակ էր հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովը՝ նշելով, որ իրենք այդ մասին տեղեկություններ են ստանում միայն լրատվամիջոցներից, ինչն իրենց անհանգստացնում է այն պատճառով, որ Հայաստանում այդքան սուր է ընկալվում հենց ռուսաց լեզվի ուսուցմանն առնչվող հարցը։

«Մեզ հայտնի է, որ լեզվի մասին կա երկու օրինագիծ, ես չեմ պատրաստվում դրանք գնահատել, որովհետև ես դրանք չեմ ընթերցել, բայց մեզ հասած լրագրողների մեկնաբանությունները մեզ անհանգստություն են պատճառում այն պատճառով, որ առանձնապես սուր է ընկալվում ոչ թե, ասենք, անգլերենը, այլ ռուսերենը։ Ես հասկանում եմ, որ գուցե կան ինչ–որ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, իսկ առաջիկայում նախագծի երկրորդ ընթերցումն է»,– հայտարարեց ռուս պատգամավորը։

«Ես չգիտեմ՝ որքան մարդ է ապրում Հայաստանում՝ գուցե 2 մլն, գուցե 2,5 մլն, գուցե 3 մլն։ Ես կարծում եմ, որ մոտավորապես այդքան հայ էլ ապրում է Ռուսաստանում և ինչպե՞ս հասկանալ, երբ երկրի գրեթե կեսն ապրում է հարևան երկրում և պետք է ասել, վատ չի ապրում, կարծում եմ պետք է գնահատել այն լեզուն, որով նրանք ապրում են, խոսում են և ապրում են ոչ մեկ օր կամ մեկ սերունդ, այլ հարյուրավոր տարիներ»,– շարունակեց Նիկոլայ Ռիժկովը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում գիտական և դոկտորական կոչումների արժանացած գիտնականների մեջ հայերը մեծաթիվ են. «Սա ինչ–որ բանի մասին խոսում է, չէ՞»։

«Այնպես որ ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի պարտադրում, բայց չպետք է կտրվել իրականությունից»,– ասաց նա։